Եռօրյա ռազմամարզական ճամբար Արատեսում

Ռազմամարզական ճամբարներն ու դասերը պարտադիր մաս են կազմում 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման շրջանում։ Այդպիսի ճամբարներից մեկը անցավ նոյեմբերի 4-6-ին Արատեսում։

Նոյեմբերի 4-ին առավոտյան ժամերգությունից հետո մեր ճամփորդող խումբը ուղևորվեց դեպի Արատեսի դպրական կենտրոն։ Հասնելուց հետո տեղավորվեցինք տնակներում և սկսեցինք ծանոթանալ մեր անելիքների հետ։

Նախ հրամանատարը մեզ ցույց տվեց, թե ինչ պետք է ունենան զինվորականներն ու հետախույզները։ Դրանց մեջ էին մտնում զենքեր, առաջին բուժօգնության ու հիգիենայի պարագաներ։ Դրանից հետո ԱԻՆ-ի աշխատողներ մեզ պատմեցին արտակարգ իրավիճակների մասին։ Օրվա մյուս մասը անցկացրեցինք հրամանատարի հետ մարզվելով ու հրամաններ սովորելով։

Երկրորդ օրը սկսվեց մարզնաքից ու տարածքի մաքրումից։ Օրվա կեսին մի խմբով փոքրիկ քայլարշավ արեցինք։ Դրա ընթացքում մտանք քարանձավ ու մագլցեցինք ժայռի վրայով։

Երրորդ օրը հավաքեցինք մեր իրերը և ճանապարհվեցինք Սմբատաբերդի լեռներ։ Բարձրացանք Սմբատաբերդի կողքի գագաթը։ Այնտեղ շատ գեղեցիկ բնություն էր։ Իջնելուց հետո ուղևորվեցինք Երևան։