Ռուբեն Սևակ. արևելահայերեն փոխադրում

Հայաստան

Ո՞վ կլացի այսպես խշտյակիս շեմքին.
– Քո՛ւյր, օտարակնն է, բաց:

Մի կմա՞խք կանցնի դուրս ողբագին.
– Սովն է, դուռդ բաց:

Կացի՞նն է ջարդված դրանս կրծքին.
– Ջարդն է, դուռդ բաց:

Երթա՜լ…

Գնա՜լ, գնա՜լ, գնա՜լ անձայն, անհանդես,
Գնա՜լ առվի՛ պես՝ մարգերի տակ անտես.
Կապույտի մեջ՝ հե՜զ, հողմնավար ամպի պես…:

Գնա՜լ՝ առա՛նց իմանալու թե ո՞ւր,
Գնա՜լ՝ հեռո՛ւ ոստաններեն այս տխուր.
Գնա՜լ՝ խավար գիշերի մեջ ծածուկ…:

Գնա՜լ, գնա՜լ, գնա՜լ առանց ճրագի.
Գնա՜լ՝ առա՛նց սուգի, լացի, փափագի.
Գնա՜լ՝ առա՛նց սովի, առա՛նց ծարավի…

Գնա՜լ՝ մարդկանց կույտի մեջից լռելյայն.
Օտար նաև իրենց Ցավին, Գիտության.
Գնա՜լ տգե՛տ, խո՛ւլ, հա՛մր, կո՛ւյր հավիտյան…:

Չիմանա՛լ որ այստեղ Իդեալը չկա՜…:
Ուխտագնա՜ց գնալ ափերն հեռակա
Դեպի ուղին Երջանկության մշտակա…:

Աննյութանա՜լ, անրջանա՜լ, վսե՜մ, վե՜հ.
Գնալ անգիշե՜ր, անառավո՜տ, գնալ վերջապես.
Աչքերը փակ՝  գիշերաշրջիկ խեղճի պես…:

Գնա՜լ, գնա՜լ, չճանաչել Մա՛րդ ու Աստվա՛ծ,
Զո՜ւյգ գնալ՝ ձեռքդ քո՜ւյր ձեռքի մեջ դրած
Անրջանքի՜ ու Սիրու պես – աքսորվա՜ծ…

Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղյա ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահին.
― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճը մի երազ է, կա ու չկա.
Ջրի շշունջն է լոկ վկա,
― Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերի մեջ հոգեհույզ
Կխոսակցեն քար, վտակ, բույս.
― Ա՜խ, իրե՜ր երջանկություն․․․

Ու կձայնի մատուռն հստակ.
― Սա ծերունի ծառերի տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․

Թափառումը

Ու ահա ամբողջ գիշեր կշրջեմ,
Հիմա՜ր, խեղճ հիմա՜ր։
Խելքս առար շատո՜նց, կյանքս առ, Փրկիչ իմ,
Աստվա՜ծ, մեր հիմա՜ր։

Ի՞նչ կնայեք ինձ, հոգևարք աչեր,
Հիմա՜ր եմ, հիմա՜ր։
Երնե՜կ, կմեռնեք. մինչ ես դեռ կապրեմ
Այս կյանքը հիմա՜ր։

Կռվի դաշտերով տարի առանձին
Ստվերս հիմա՜ր,
Շնորհ չարին գնդակ մ՚ալ ինձ, գոռացին
«Հիմա՜րն է, հիմա՜ր»։

Դե՜հ, մտիկ արեք, դուք որ կխորդաք
Այս մահով հիմար,
Արյունով շաղված պատմություն մի տաք,
Հիմա՜ր, ա՜հ, հիմա՜ր։