Ամանաորյա ավանդույթները Վրաստանում

Ամեն երկրում կան ամանորյա ավանդույթներ։ Վրաստանում նույնպես կան շատ հետաքրքիր ավանդույթներ։ Նոր տարին Վրաստանում ընտանեկան տոն է։ Այնտեղ Ձմեռ Պապիկին ասում են Թովլիս Բաբուա՝ նշանակում է Ձյուն Պապիկ։ Իսկ տոնածառը կոչվում է չիչիլակի։

Չիչիլակին պատրաստում են ընկուզենու ուղիղ ճյուղից: Մի կողմից բարակ, խուճուճ շերտեր են անում, իսկ գագաթը զարդարում են կարմիր հատապտուղներով: Չիչիլակին դնում են տոնական սեղանին՝ չուրչխելիի և կոզինաղի կողքին, զարդարում են տարբեր չրերով և ընկույզներով: Երբ տոները վերջանում են, չիչիլակին այրում են, իսկ մոխիրն քամուն տալիս: Դրանով այդ ծառը իր հետ տանում է անցած տարվա անհաջողությունները:

Վրաստանում ամանորյա գիշերը չեն քնում։ Վրացիները հավատում են, որ այդ գիշեր Աստվածները տարբեր բարիքներ են ուղարկում Երկիր։ Եվ եթե նրանք քնեն, այդ բարիքները իրենց չեն հասնի։

Վրաստանում կարևորում են «առաջին ոտքի» ավանդույթը: Դա ամանորյա ամենատարածված ավանդույթներից է։ Գիշերվա ժամը 12-ին տուն է այցելում առաջին հյուրը՝ Մեկուլեն, որին հաճախ հրավիրում է ընտանիքը: Մեկուլեն պետք է պտտվի տան շուրջը երեք անգամ, ապա մտնի տուն։ Նրան ընդունում է տանտիրուհին լիքը սկուտեղը ձեռքին և հարցնում. «Ի՞նչ ես բերում տուն»: Պատասխանը պետք է լինի. «Երջանկություն, ուրախություն, բարեկեցություն, բարգավաճում և խաղաղություն բոլորին»: Իսկ վերջում մեկուլեին տալիս են մի մետաղադրամ, որը անցել է ընտանիքի բոլոր անդամների ձեռքերով։

Վրաստանում ամանորյա տոնակատարությունը շարունակվում է մեկ շաբաթ, հաճախ՝ մինչև Հին Նոր տարին:

Leave a comment