Շրջանագծային շարժման ուսումնասիրությունը

Աշխատանքի նպատակը

Որոշել շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմնի կենտրոնաձիգ արագացումը:

Անհրաժեշտ սարքավորումներ

Ամրակալան` կցորդիչով և թաթով, 0,5 մ երկարությամբ թելին ամրացված մետաղե գնդիկ, չափաքանոն, վայրկենաչափ, կարկին, սպիտակ թուղթ:

Համառոտ տեսական տեղեկություններ

Աշխատանքում օգտագործվում է կոնական ճոճանակ, որի բեռը հորիզոնական հարթության մեջ կատարում է շրջանագծային շարժում: Այդ դեպքում թելը, որին ամրացված է գնդիկը, շարժման ընթացքում գծում է կոնական մակերևույթ: Գնդիկի կենտրոնաձիգ արագացումը կարելի է որոշել a = 4π2R/T2 բանաձևով՝ չափելով պտտման T պարբերությունը և հետագծի R շառավիղը:

Փորձի ընթացքը

1. Հավաքե՛ք փորձնական սարքը: Ամրակալանին ամրացրե՛ք 0,5 մ երկարությամբ ճոճանակը: Թղթի վրա կարկինով գծե՛ք 15 սմ շառավղով շրջանագիծ և այն տեղադրե՛ք ճոճանակի տակ այնպես, որ ուղղաձիգ վիճակում թելի շարունակությունն անցնի շրջանագծի կենտրոնով:
2. Ճոճանակը շարժման մեջ դրե՛ք այնպես, որ նրա հետագիծը հնարավորինս համընկնի շրջանագծի հետ:
3. Չափե՛ք այն t ժամանակամիջոցը, որի ընթացքում գնդիկը կատարում է N = 30 պտույտ և T = t/N բանաձևով որոշե՛ք գնդիկի պտտման պարբերությունը: Բանաձևով հաշվե՛ք գնդիկի կենտրոնաձիգ արագացումը:
4. Փորձը կրկնե՛ք ևս երկու անգամ:
5. Արդյունքները գրանցե՛ք աղյուսակում:
6. Որոշե՛ք փորձի հարաբերական սխալը:

Leave a comment