Ֆ. Դոստոևսկի «Տոնածառն ու հարսանիքը». հատվածի թարգմանություն

Տոնածառն ու հարսանիքը

Վերջերս մի հարսանիք էի տեսել… բայց ո՜չ: Ավելի լավ է ես ձեզ պատմեմ տոնածառի մասին։ Հարսանիքը լավն էր․ այն ինձ շատ դուր եկավ, բայց մեկ այլ պատահար էլ ավելի լավն էր։ Չգիտեմ՝ ինչպես նայելով այդ հարսանիքին, հիշեցի այդ տոնածառի մասին։ Ահա, թե ինչպես դա պատահեց։

Ճիշտ հինգ տարի առաջ՝ Նոր տարվա նախօրեին, ինձ հրավիրեցին մանկական պարահանդեսի։ Հրավիրող դեմքը մի հայտնի գործարար էր՝ կապերով, ծանոթներով, ինտրիգներով, կարելի էր մտածել, որ այդ մանկական պարահանդեսը ծնողների համար հավաքվելու ու անմեղ, պատահական, ակամա ձևով այլ հետաքրքիր նյութերի մասին զրուցելու պատրվակ էր։ Ես օտար մարդ էի. ոչ մի նյութ ես չունեի, և այդ պատճառով ես անցկացրեցի երեկոն բավականին անկախ։ Այստեղ մեկ այլ պարոն կար, ով, կարծես թե, չուներ ո՛չ տոհմ, ո՛չ ցեղ, բայց ով ինձ նման ընկել էր ընտանեկան երջանկության մեջ… Նա բոլորից առաջ իմ ուշադրությունը գրավեց։ Նա բարձրահասակ, նիհար տղամարդ էր, բավականին լուրջ, բավականին պարկեշտ հագնված։ Բայց երևում էր, որ նրան հետաքրքիր չեն խնդություններն ու ընտանեկան երջանկությունը. երբ նա մի անկուն էր գնում, անմիջապես դադարում էր ժպտալ և խոժոռում էր իր խիտ սև հոնքերը։ Նա ոչ մի ծանոթ, բացի տիրոջից, ամբողջ պարահանդեսին չուներ։ Երևում էր, որ նա մահի պես ձանձրանում է, բայց այն, ինչին նա քաջորեն դիմացավ մինչև վերջ, կատարյալ զվարճացող և երջանիկ մարդու դերն էր: Ես ավելի ուշ իմացա, որ սա մարզից մի պարոն էր, ով վճռորոշ, անլուծելի մի գործ ուներ մայրաքաղաքում, ով մեր տիրոջը երաշխավորագիր էր բերել, ում մեր տերը հովանավորում էր ոչ con amore և ում քաղաքավարությունից դրդված էր հրավիրել իր մանկական պարահանդեսին։ Թղթախաղ չէին խաղում, սիգար նրան չառաջարկեցին, իր հետ ոչ ոք զրույց չէր բացում, միգուցե՝ հեռվից թռչնին փետուրներով ճանաչելով, և այդ պատճառով իմ պարոնը հարկադրված էր միայն ձեռքերը մի տեղ պահել, ամբողջ երեկո շոյել իր այտամորուքը։ Այտամորուքը իրոք շատ լավն էին։ Բայց նա այնքան եռանդով էր այն շոյում, որ իրեն նայելով՝ վճռորեն կարելի էր մտածել, որ նախ լույս էր տեսած այտամորուքը, իսկ հետո դրան կցած էր պարոնը, որ այն շոյի։

con amore – սիրուց դրդված, սիրով (իտալերեն)