Հովհաննես Թումանյան «Խելոքն ու հիմարը»

Երկու ախպեր են լինում, մինը` խելոք, մյուսը` հիմար: Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին: Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ:

— Լա՛վ, — ասում է խելոքը. — էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի, ինձ, որը դուրս մնա՝ քեզ:

Ժամանակն էլ լինում է ձմեռ:

Հիմարը համաձայնում է: Ապրանքը ջուրն է տանում ետ բերում: Ձմեռվա ցուրտ օր, մրսած անասուններ, հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ, իրար ետևից ներս են թափում: Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս: Էն է մնում հիմարին:

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու:

— Ա՛ մոզի, արի, հե՜յ, — կանչելով գնում է:

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հեյ… ավերակի արձագանքը կրկնում է.

— Հե՜յ… հիմարը կանգնում է:

— Ինձ հետ ես խոսում, հա՞…

Ավերակը ձայն է տալիս.

— Հա՜…

— Մոզին ուզում ե՞ս:

— Ե՜ս…

— Քա՞նի մանեթ կտաս:

— Տա՜ս…

— Հիմի կտա՞ս, թե չէ:

— Չէ՜…

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜:

— Արի՜…

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն:

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում գնում փողերն առնելու: Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են: Գնում է տեսնում՝ ոսկորները դես ու դեն ցրված ավերակի առջև:

— Հը՜, — ասում է, — մորթել ես կերել, հա՜:

— Հա՜…

— Չաղ է՞ր, թե չէ:

— Չէ՜:

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա:

— Էդ իմ բանը չի, — ասում է, — առել ես պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜…

— Սկի՜ …

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս, ավերակի խարխուլ պատերին: Մին, երկու զարկում է. պատերից մի քանի քար են վեր ընկնում: Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած: Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը՝ լցվում:

— Այ էդպես… բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ, իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…

Մի ոսկի է վերցնում, գալի տուն:

— Հը՜, մոզիդ ծախեցի՞ր, — ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը:

— Ծախեցի:

— Ո՞ւմ վրա:

— Ավերակի:

— Հետո, փող տվա՞վ:

— Իհարկե տվավ: Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց: Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված:

Ասում է ու ոսկին հանում ցույց տալիս:

— Էդ ո՞րտեղ է, — աչքերը չորս է անում խելոք ախպերը:

— է´հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի:

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա:

— Բեր, — ասում է, — ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ ես տեսնեմ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ:

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալիս ախպորը, տանում է մնացածի տեղն էլ ցույց տալի: Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում:

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ:

— Պարոն դատավոր, — ասում է, — ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի…

— Հերիք է, հերիք, — ընդհատում է դատավորը. — էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի… — վրեն ծիծաղում է ու դուրս անում:

Գնում է ուրիշներին գանգատվում, նրանք էլ էն վրեն ծիծաղում:

Ու ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, իսկ խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ:

Առաջադրանքներ

1. Բացատրում ենք մգեցված բառերն ու գրում դրանց գրական տարբերակները:

ջոկ – խումբ
ապրանքը – ամրոց
թոկ – պարան
մանեթ – փող
ճարի – գտի

2. Բացում ենք դասագիրքն (էջ 117) ու գտնում նշված բառերի ճիշտ ուղղագրությունը, ուղղում արված սխալները:

Աղմուկաղաղակ, ախյուսակ, ախոտկ, ախչամուղչ (մթնշաղն է), ախքատ, ամաի, ամպար, անբարտավան (գոռոզն է), ամբողչ, ամենինչ, ամբ, անփոփել, այբենարան, այքաբաց, այծամ, այսոր, արյվացք, ամբասիր (մաքուրն է), անքամ, անդաթար, անդոր (խաղաղությունն է), անդրադարնալ:

աղմուկաղաղակ – աղմուկ-աղաղակ
ախյուսակ – աղյուսակ
ախոտկ – ախոտկ
ախչամուղչ – աղջամուղջ
ախքատ – աղքատ
ամաի – ամայի
ամպար – ամբար
անբարտավան – ամբարտավան
ամբողչ – ամբողջ
ամենինչ – ամեն ինչ
ամբ – ամպ
անփոփել – ամփոփել
այբենարան – այբբենարան
այքաբաց – այգաբաց
այծամ – այծյամ
այսոր – այսօր
արյվացք – այրվացք
ամբասիր – անբասիր
անքամ – անգամ
անդաթար – անդադար
անդոր – անդորր
անդրադարնալ – անդրադառնալ

3. Գտնում ենք նշված բառերի իմաստներն ու ասում, թե որն ինչպես է գրվում: Բացատրում ենք նաև կետադրական նշանների գործածությունը:

Ամենօրյա աշխատանքը ավարտելու վրա էր, երբ հանկարծ տեսավ, որ ինչ-որ մեկը գալիս է:
Ամանորյա աշխատանքները գեղեցիկ ու հետաքրքիր էին. ստացվել էր այն, ինչ որ պատկերացնում էին մանուկները:

Ամենօրյա – ամեն օրվա
ինչ-որ – որևէ
Ամանորյա – Ամանորի

Տնային աշխատանք

Կատարում ենք մեկշաբաթյա հետևյալ նախագծերից որևէ մեկը կամ մի քանիսը:

1. Ընտրում ենք հայերեն դեռևս չթարգմանված որևէ օտարալեզու հեքիաթ և թարգմանում այն հայերեն: Եթե հեքիաթը երկար է, կարող ենք այն մասերի բաժանել ու աշխատել մի քանի հոգով:

2. Դերային տարբերակով ձայնագրում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը:

3. Տեսանյութ ենք պատրաստում, որտեղ մեկնաբանում ենք մեր ուսումնասիրած հեքիաթներից որևէ մեկը, խոսում հերոսների և այն մասին, թե ինչ է այն սովորեցնում:

4. Գրում ենք աշխատանք, որտեղ պատմում ենք մեզ ծանոթ հեքիաթներում հանդիպած կախարդական իրերի ու էակների մասին: Համեմատում ենք նրանց իրար հետ:

5. Գրում ենք նամակ մեր ուսումնասիրած հեքիաթների հերոսներից մեկին, օրինակ՝ Ձախորդ Փանոսին, Քաջ Նազարին, Մոխրոտին:

6. Կազմում ենք մեկշաբաթյա օրագիր, որտեղ պատմում ենք մեր օրվա մասին: Ամեն հաջորդ օրվա գրառումը սկսում ենք՝ նախորդ օրվա ուղղագարական ու կետադրական սխալները (եթե կան) նշելով, օրինակ.

Իմ երեկվա գրառման ուղղագարական սխալները՝ այսոր-այսօր, կանանչ-կանաչ: Իմ երեկվա գրառման կետադրական սխալները՝ Ես սպասում էի որ ընկերներս գան: – Ես սպասում էի, որ ընկերներս գան:

One thought on “Հովհաննես Թումանյան «Խելոքն ու հիմարը»”

Leave a comment